Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին պահպանել զգոնությունը և խուսափել ուղևորություններից դեպի շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի մերձակայքում գտնվող շրջաններ:
«Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին զգոն լինել և զգուշություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանի հատվածում լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ։ Դեսպանատունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել շփման գծի և սահմանի մոտ ուղևորություններից, այդ թվում՝ Դիլիջանի ազգային պարկից դեպի հյուսիս M4 և M16 ավտոմայրուղիներից արևելք ընկած շրջաններ և մինչև Տավուշի մարզի Վրաստանի հետ սահմանը», – ասված է հաղորդագրության մեջ: Դեսպանատունը նաև կոչ է արել չայցելել Արցախ։
Բացի այդ, դիվանագիտական ներկայացուցչությունն ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տվել հետևել տեղական լրատվամիջոցների հաղորդագրություններին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպանատունը շարունակելու է հետևել անվտանգության ոլորտի իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:
Իր հերթին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել առանց հատուկ անհրաժեշտության դուրս չգալ Աբշերոնի թերակղզու սահմաններից: