ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով նման որոշման հավանականության վերաբերյալ հրապարակումներին։
Հիշեցնենք՝ «Հրապարակը» գրել էր, որ «Քաղպայմանագրի» հերթական նիստի ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը հերթական սկանդալային առաջարկն է ներկայացրել կառավարությանը՝ սահմանել տուգանք բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր գնումներ կատարելիս կամ ծառայություններից օգտվելից ՀԴՄ կտրոններ չեն վերցնի։
«Նման առաջարկ-տեսակետ հնչեցվել է դեռ օգոստոսի վերջին Ազգային ժողովում՝ բյուջետային ծրագրերի քննարկման ընթացքում, երբ քննարկվում էր ՊԵԿ բյուջեն։ Ընդ որում, առաջարկը հնչեցվել է հրապարակային՝ բոլոր խմբակցությունների պատգամավորների և լրագրողների ներկայությամբ։ Այնպես որ, պետք չէ դա ներկայացնել՝ որպես մեծագույն բացահայտում»,- գրել է Թունյանը։
Նա հայտնել է նաև, որ, արձագանքելով այդ առաջարկին, թե՛ ինքը, թե՛ Արտակ Մանուկյանը, թե՛ նիստին մասնակցող տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների մի շարք պատգամավորներ ասել են, որ դեմ են այդ առաջարկին, քանի որ հարկ հավաքելը պետության գործառույթն է, ոչ թե քաղաքացու։
«Նաև՝ դրա վարչարարությունն է խնդրահարույց։ Անկախ կոնկրետ գաղափարի կամ առաջարկի նկատմամբ վերաբերմունքից՝ յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի տեսակետ հայտնել և նախաձեռնություն ներկայացնել ցանկացած հարցով։ Սակայն որոշումը կայացվում է նախ հանձնաժողովի, հետո՝ ԱԺ լիագումար նիստի ընթացքում՝ քննարկմամբ ու քվեարկությամբ»,- պարզաբանել է Թունյանը՝ խնդրելով կրքերը արհեստականորեն չթեժացնել և անգամ քննադատելիս չմոռանալ հարգանքի և էթիկայի մասին։