Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից։ Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով Բրյուսելում է և այսօր հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Ըստ ՀՀ Նախագահի աշխատակազմի մամուլի հաղորդագրության՝ Հայաստանի նախագահը մանրամասնորեն անդրադարձել է սեպտեմբերի 27-ից սկսած՝ Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային, դրանում Թուրքիայի ներգրավվածությանն ու ռազմաքաղաքական օժանդակությանը:
«Բռնությունը Լեռնային Ղարաբաղում պետք է դադարեցվի»,-ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Նա հետաքրքրվել է հակամարտության համատեքստում տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումներով։ Հայաստանի նախագահը հանգամանորեն ներկայացրել է իրավիճակը՝ նշելով, որ Թուրքիայի քաղաքականությունը տարածաշրջանում ապակայունացնող է և լուրջ սպառնալիք՝ տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար։