Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղում վաղ առավոտից սկսվել են տեղորոշիչով չափագրական աշխատանքներ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը։
Աշխատանքներն իրականացվում են այլընտրանքային՝ Կիրանց-Աճարկուտ ճանապարհի կառուցման շրջանակներում, ռադիոկայանին հայտնել են տեղի շինարարները։ Աղբյուրի տեղեկություններով՝ գյուղում է նաև ճանապարհային վարչության պետ Գոռ Ավետիսյանը։
Կիրանց տանող այլընտրանքային ճանապարհի անհրաժեշտություն առաջացել էր սահմանազատման հետևանքով, որի արդյունքում Կիրանցի ներկայիս ճանապարհն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Կառավարությունը մայիսի 15-ին հայտարարել էր, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո Կիրանցում ճանապարհների հետ կապված խնդիրներ կառաջանան և խոստացել էր լուծել այն 3 ամսվա ընթացքում։