Ադրբեջանի զինված ուժերը, ահաբեկչական խմբավորումների հետ միասին, ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները: Այս մասին հոկտեմբերի 31-ին կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա ասել է, որ մարտերի ինտեսիվությունը շատ բարձր չի եղել, սակայն որոշ օջախային ուղղություններում ընթացել են ինտեսիվ հարձակողական մարտեր: «Մասնավորապես, կենտրոնական ուղղությամբ մեկ-երկու դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային և ուժեր, զրահատեխնիկա, օգտագործելով հրետանի, Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում:
Հարավային և հարավ-արևելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում մեր զինված ուժերը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում»,- նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են, կիրառվում են մեծ թվով զենքեր և զինատեսակներ: