74-ամյա Ռաֆիկ պապին հանդիպեցինք Սյունիքի մարզի Վաչագան գյուղում։ Վաղ առավոտից այգի է շտապում, մշակում հողը, հավաքում իր ձեռքով տնկած, խնամած ծառերի ու հողի բերքը, իսկ մտքում միայն մեկ մտահոգություն ունի․ ինչպե՞ս են հիմա սահմանին կռվող տղերքը։ Այս մասին գրել է Կապանի դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջը։
«Պապն ամբողջ ճանապարհին մեզ պատմում է իր հողի արմատներին ամուր կանգնած լինելու և հայրենիքը իր սրտում պահելու մասին։ Ասում է՝ մանկուց Րաֆֆու բոլոր հատորներն է կարդացել ու հայրենասիրությունը երակների մեջ է, բարկանում է, երբ լսում է, թե իբր խուճապ կա գյուղերում, ի պատասխան ասում է․
«Սյունեցու ոգին ո՞վ ունի էս աշխարհում, ի՞նչ խուճապ, ումի՞ց ենք վախենում, էն մարդկանցից, որ իրենց ընկերոջը թողնում են մարտի դաշտում ու փախչո՞ւմ։ Մենք էստեղ ենք ապրել, էս հող ու ջրի մարդիկ ենք, էստեղ էլ շարունակելու ենք ապրել»։ Ռաֆիկ պապի որդին նույնպես ռազմաճակատում է, ասում է՝ տարբերություն չի դնում կռվող և ոչ մի զինվորի միջև․ «Բոլորն էլ իմն են, բոլորի համար օր ու գիշեր աղոթում եմ, չեմ ուզում ոչ մեկի մազը ծռվի։ Մեր գյուղում ամեն մեկն իր առօրյա գործով ա զբաղված, բայց գլխներումս մենակ մեր զինվորներն են, մեր թանկ բալեքը։ Ես իմ կյանքն ապրել եմ արդեն, ու գիտե՞ք ինչ, չէի մտածի, որ էս տարիքում էլ երազանք կունենամ, բայց ունեմ․ մեր ջահել երեխեքի, ձեր սերնդի համար խաղաղություն եմ ուզում, ուրիշ ոչ մի բան»։
Ու թեև 74-ամյա պապը վստահ է, որ հաղթանակը մերն է լինելու, բայց և ափսոսում ու ցավում է այդքան լուսավոր ու դեռ կյանք չտեսած տղերքի կորստի համար, չնայած գիտակցում է ․ «Դե, պատերազմ ա, առանց զոհերի չի լինում, ես խոնարհվում եմ էդ տղերքի ծնողների առաջ»։
Պապին աշխատանքից չկտրելու և չզբաղեցնելու համար առողջ կյանք ու խաղաղ երկինք ենք մաղթում ու գնում․․․ Բայց, պապի կանչող ձայնը լսելով, ետ ենք դառնում․ «Էնքան տարված էի մտքերով, մոռացա էլ մի բան հյուրասիրեմ, ճամփին ուտելով գնացեք»․ ձեռքի մեջ իր այգու զկեռի պտուղներն էին։