Կայացել է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Փրկենք՝ վաղվա համար» խորագրով հեռուստամարաթոնը, հայտնում է կազմակերպությունը։
Հեռուստամարաթոնի միջոցները կուղղվեն Արցախի մշակութային կոլեկտիվների գործունեության ապահովմանը, արցախյան մշակույթի պահպանմանն ու հանրահռչակմանը: Դրամահավաքի մեկնարկը տրվել էր փետրվարի 20-ին:
«Այս պահին կան բազմաթիվ խոստումներ խոշոր հիմնադրամների կողմից, որոնք պատրաստակամություն են հայտնել իրենց վրա վերցնել համույթների պահպանման ծախսերը: Դրա շնորհիվ Արցախի մշակութային կոլեկտիվները կստանան աշխատանք, կապահովվի համույթի գործունեության շարունակականությունը»,- նշում է ՀԿ-ն:
Խոշոր նվիրատուների ցանկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որն իր ԱՄՆ տեղական մարմնի միջոցով նվիրաբերել է 60 000 000 ՀՀ դրամ: Խոշոր նվիրատուների շարքը շարունակում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը (2 000 000 ՀՀ դրամ), «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը (1 000 000 ՀՀ դրամ), «ՏԵՐ-ՏԱՃԱՏՅԱՆ» իրավաբանական և բիզնես-խորհրդատվական փակ բաժնետիրական ընկերությունը (500 000 ՀՀ դրամ):
‹‹Փրկենք՝ վաղվա համար›› խորագրով հեռուստամարաթոնին SMS հաղորդագրության միջոցով մասնակցել է 214 քաղաքացի:
Հեռուստամարաթոնի ընթացքում համույթների պահպանման ծախսերից զատ այս պահին փաստացի հանգանակված գումարի չափը կազմում է 4 589 670 ՀՀ դրամ։
ՀԿ-ն հավելում է, որ դրամահավաք-միջոցառումները շարունակվում են, դրանց վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախից Հայաստան է բռնի տեղահանվել ավելի քան 100․000 մարդ։