Ռազմաճակատի ընդհանուր իրավիճակը կարելի է համարել դրական, մեր զորքերին հաջողվում է թշնամու ուժերին թույլ չտալ որևէ ուղղությամբ զարգացնել հաջողությունները: Այս մասին այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Երեկ ողջ գիշեր և այսօր օրվա ընթացքում ռազմաճակատի տարբեր ուղղություններում ինտենսիվ մարտերը շարունակվել են: «Հյուսիսում թշնամու զորքերը` հիմնականում փոքր մարտավարական խմբեր, հրետանու աջակցությամբ փորձել են հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն կորուստներ կրելով հետ են շպրտվել: Մարտունու ուղղությամբ վաղ առավոտյան որոշակի հաջողություններից հետո մեր զորքերին հաջողվել է թշնամուն հետ շպրտել ելման բնագծերը, կրել են զգալի կորուստներ»,-նշել է Ա. Հովհաննիսյանը :
Ինչ վերաբերում է Բերձորի ուղղությանը, թշնամու ուժերը մի քանի անգամ փորձել են ճեղքել և դուրս գալ Բերձոր, բայց, զգալի կորուստներ կրելով, հետ են շպրտվել:
Խոսելով Շուշիի մասին, նա տեղեկացրել է, որ քաղաքում և հարակից տարածքներում՝ պարիսպների տակ, ճանապարհների վրա ողջ օրվա ընթացքում սաստիկ մարտեր էին: Այս պահին էլ որոշակի մարտեր ընթանում են, չնայած ինտեսիվությունը թուլացած է:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ հաշվի առնելով խորհրդանշանական իմաստը և աշխարհագրական դիրքը, բնական է, Շուշիի նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրությունը, բայց կոչ է արել սպասել ու հավատալ:
«Չտարվենք ոչ անկումային, ոչ էլ ցնծագին տրամադրություններով: Մեր զորքերը կռվում են, կռվում են անձնուրաց: Շատերը, նույնիսկ բարձրաստիճան հրամանատարներն են զինվորին հավասար կռվում»,- ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը՝ վստահություն հայտնելով, որ զորքը փառքով է ավարտելու այս ճակատամարտը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից այս պահի դրությամբ զոհվել է 1177 զինծառայող։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 142 վիրավոր։
Մոսկվայում հոկտեմբերի 9-ին 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնության են եկել 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական հրադադարի հաստատելու մասին:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջնորդությամբ վերահաստատված պայմանավորվածությունները նույնպես խախտվել են։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով ԼՂ դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Պատասխան նամակում Պուտինը գրել է, որ ՌԴ-ը ՀՀ-ին կցուցաբերի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական գործողությունները տեղի ունենան անմիջականորեն ՀՀ տարածքում։