ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մոտ այսօր ցույց են իրականացրել Արցախի Հադրութի շրջանից ՀՀ տեղահանված կանայք ու երեխաները: Ցուցարարների խոսքով՝ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանը միշտ էլ եղել է Արցախի կազմում: Դարերի պատմությունը ցույց է տալիս, որ Դիզակը եղել է հայինը ու այդպես էլ պետք է մնա:
Ակցիան նախատեսված է համանախագահող երեք երկրների դեսպանատների դիմաց անցկացնել՝ պահանջելով գոնե փոխզիջումների միջոցով պահել Հադրութը:
Ցուցարար կանանց հետ հանդիպման դուրս եկած ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը նշել է, որ իրենք տեղյակ չեն եղել համաձայնագրի մասին և շատ հարցեր են առաջանում այդ առումով:
«Մենք ցավում ենք այն ամենի համար, ինչ կատարվում է Հադրութում, գիտենք, որ Հադրութը այս հակամարտության ընթացքում ամենաշատ տուժած բնակավայրերից է: Ես համաձայնագրի մասին իմացել եմ գիշերը Փաշինյանի Facebook-ի էջից, զարմացած էի, դրա մասին զեկուցեցի Փարիզ, այնտեղ ևս տեղյակ չէին: Այս համաձայնագիրը շատ հարցեր է առաջացնում: Մենք ուրախ ենք, որ ռազմական գործողությունները դադարեցվել են, բայց այս փաստաթուղթն անհասկանալի է մեզ համար: Փաստաթուղթը եռակողմ է, չի ներառում ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու երկրների մասնակցությունը: Մենք չգիտենք ինչ փաստաթուղթ է սա՝ կրակի դադարեցում է, թե կարգավորում: Ինչպես ասել է նախագահ Մակրոնը, մենք աշխատելու ենք ներկայացնել Հայաստանի շահը»,- նշել է Լաքոտը:
Դեսպանը նաև ավելացրել է, որ այսօր Մակրոնը հրավիրել է հայկական կազմակերպությունների, համայնքի ներկայացուցիչներին՝ Լեռնային Ղարաբաղի տուժած հայության օժանդակության հարցը քննարկելու համար: