Եռակողմ հայտարարության ստորագրման հաջորդ օրը մեկնել եմ Արցախ՝ իմանալու, թե հնարավո՞ր է արդյոք որևէ բան փոխել: Արել եմ ինձնից կախված հնարավոր ամեն բան՝ հասկանալու, թե կարո՞ղ ենք խմբագրել որևէ բան: Այս մասին ԱԺ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Եթե իմ շատ գործընկերներից հայրենիքի կորստի ցավը հեռու է, ապա ես դա ուղիղ իմ մաշկի վրա եմ զգում, քանի որ Քարվաճառի շրջանի ամբողջական հաձնումից հետո իմ սիրելի Վարդենիսն իր 36 գյուղերով հայտնվելու է ամենավտանգավոր գոտում»,- ասաց Թովմասյանը՝ նշելով.
«Կայացրել եմ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու որոշում: Դրանով իմ բողոքն եմ հայտնում կորսված հայրենիքի համար, իմ անորոշության ու անկարողության դեմ: Չէի կարող, ուղղակի, ոչինչ չանել»:
Պատգամավորն ասում է՝ քաղաքական օրակարգ չի սպասարկում: Իր օրակարգում բացառապես իր հայրենիքի շահն է, որը գտնվում է վիրավոր վիճակում, որն աններելի է իր կարծիքով:
«Կարող էի հրաժարվել մանդատիցս էլ, սակայն դա չարեցի շատ գործընկերների, նաև արցախցիների խնդրանքով»,- ասաց Թովմասյանը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։