2021 թվականի պետական բյուջեում վերականգնողական բժշկության զարգացման համար ֆինանսական ավելացում դեռ չկա։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի դիտարկմանը, թե պետբյուջեով վերականգնողական բժշկության համար անհրաժեշտ ֆինանսավորում չի տրամադրվել։
«Մենք ունենք արդեն հաշվարկներ: Այդ թիվը մոտավորապես 2.8 միլիարդ դրամ է: Կառավարությունում քննարկումների արդյունքում որոշվել է այդ հատկացումը ներառել առաջնահերթությունների ցանկում և տարվա սկզբում մյուս առաջնահերթություններ վերանայելու արդյունքում տեղափոխել առողջապահության հատված, որ կարողանանք ծավալն ամբողջությամբ ծածկել։ Վերականգնողական աշխատանքների դադարեցում գումարներ չլինելու պատճառով տեղի չի ունենա»,- ասաց նախարարը։
Չնայած առկա ֆինանսական խնդիրներին՝ նախարարը հայտնեց, որ շուտով պարզ կլինի վերականգնողական նոր կենտրոնի բացման հարցը։
Թորոսյանը նշեց, որ ոլորտն ունի ինստիտուցիոնալ համակարգման խնդիր, ինչի կապակցությամբ էլ մշակում են «Վերականգնողական ազգային ծրագիր» անվամբ փաստաթուղթ։ Այն կապահովի վերականգնողական ծառայություններ, այդ թվում՝ նաև մարզերում։