«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 24-ից Ստեփանավանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արմեն Գրիգորյանն ասում է, որ ինքը ոչ միայն չի պահանջում վարչապետի հրաժարականը, այլ հայտարարում է, որ իշխանությունների կողքին է: «Չեմ կարծում, որ այս ծանր վիճակում նման մոտեցումը ճիշտ է ընդհանրապես։ Հետպատերազմական վիճակում ենք գտնվում, լուրջ խնդիրներ ունենք, հազար հոգս ունենք հոգալու՝ և՛ քաղաքացիների, և՛ փախստականների, զոհվածների, վիրավորների ընտանիքներ կան»,- իր դիրքորոշումը այսպես է բացատրում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը: Նա տեղեկություններ չունի իր ղեկավարած համայնքից մարդկանց գումարով կամ պարտադրանքով հանրահավաքի տանելու վերաբերյալ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը նախատեսում է զգալիորեն ընդլայնել ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների ցանկը, և այդ պահպանությունը իրականացնել պետական բյուջեի միջոցներով: 2021թ. բյուջեով ֆինանսավորում է հատկացված 140 օբյեկտների պահպանության համար, մինչդեռ այդ ցանկում ներառված է 332 օբյեկտ: Ենթադրվում է, որ այդ փոփոխության հետևանքով զգալիորեն կավելանա ոստիկանությանը հատկացվող ֆինանսավորման չափը: Լրացուցիչ օբյեկտների պահպանությունը կազմակերպելու համար անհրաժեշտ կլինի մեծապես ավելացնել ոստիկանության ծառայողների թվաքանակը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթը տեղեկացավ, որ Արցախում եղած պատերազմի 44 օրերին, ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը երբ Մոսկվա է մեկնել, ռուսական կողմից դժգոհություններ է ստացել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի վերաբերյալ։ Բանն այն է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստերից մեկի ժամանակ վերջինս ոչ միայն անգելերեն լեզվով է ելույթ ունեցել, այլ նաեւ ռուսական պատվիրակության ներկայացուցիչների հետ անգլերեն լեզվով է հաղորդակցվել, որն էլ դժգոհությունների պատճառ է դարձել, թե ինչու է Կովկասի բնակիչ, իրենց ռազմավարական գործընկերը ռուսերենի փոխարեն այլ լեզվով խոսում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Խուլիգանության մեջ մեղադրվող, նախկինում ընտրողի քվեարկության գաղտնիությունը խախտելու համար դատապարտված Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանին համաքաղաքացիները մեղադրում են փախստական դարձած արցախցիների և զինծառայողների համար համայնք ուղարկված հումանիտար օգնությունը իր ընկերոջ խանութում վաճառելու մեջ: Ճամբարակցիները վստահեցնում են, որ օգնության մի չնչին մասն է տեղ հասնում, իսկ մեծ մասը այդ թվում՝ ծխախոտ, ձմեռային ծածկոցներ, մթերք, պահվում է ինչ-որ նկուղներում և վաճառվում: Ադամյանը հերքում է այդ մեղադրանքները՝ հայտարարելով. «Ես մի հայ մարդ չեմ պատկերացնում, որ կարող է նման բան անել։ Ով էլ ասում է, թող գա ու էդ օգնությունը տանի իր տուն պահի»»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին շատերն են հիշում 1996 թվականը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանից դժգոհ զանգվածը նախագահական ընտրությունների շեմին սկսեց հարել Վազգեն Մանուկյանին, ում շուրջ հավաքվեցին քաղաքական ուժերը, բիզնեսը, մտավորականությունը եւ ընտրություններում հաղթելու լուրջ հայտ ներկայացրին։ Հիմա էլ թեեւ Վազգեն Մանուկյանը տարիքն առել է, եւ շատերը դեմ են նրա վարչապետացմանը, բայց մեծ թվով մարդիկ հասկանում են, որ այս պահին այլընտրանք գրեթե չկա, եւ հարկադրված են աջակցել «Վազգեն Մանուկյան-պրոյեկտին»։
Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարներում։