Եվրոպական միությունն այսօր հայտնեց Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությանը 9 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին։ Այս մասին
գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Այս 9 միլիոն եվրոյի հատկացումը արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված ընդհանուր 30 միլիոն բյուջեի առաջին փուլի արժեքն է։
Վերահաստատում եմ, որ դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացումը շարունակում է մնալ մեր կառավարության գերակա ուղղությունները, և ուրախ եմ փաստել, որ այս մեկ տարվա ընթացքում ձեռք բերված լավ առաջընթացը արժանացել է նաև մեր եվրոպացի գործընկերների գնահատանքին»:
Բադասյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը արդարադատության ոլորտի ուղղությամբ շարունակական աջակցության և արդյունավետ համագործակցության համար։
Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 24-ին Կառավարության նիստում հայտարարվեց Եվրոպական միության կողմից Հայաստանին 30 մլն եվրո գումարի չափով աջակցություն տրամադրելու մասին՝ ուղղված արդարադատության ոլորտում Հայաստանի բարեփոխումների իրականացմանը։
Բյուջետային աջակցության այդ համաձայնագիրն աննախադեպ է և՛ իր ծավալով, և՛ իր ձևով։