«Ահա հենց այսպես էլ շարունակելու ենք կորցնել: Մի քանի օր առաջ Արցախի Հին Թաղեր, Խծաբերդ, Մեծ շեն, Հին շեն, Եղծահող գյուղերի մասին էինք ահազանգում։ Մեր հնչեցրած տագնապը խլացվեց այդ տարածաշրջանում գերավարվածների ու պատանդների անհայտ ճակատագրերը պարզելու հանրային հուզումներով և արդյունքում երկրորդվեց Հին թաղերի ու Խծաբերդի ճակատագիրը»,- այս մասին Facebook-ի էջում գրել է ԱՀ ՊԲ լրատվության վարչության նախկին պետ Սենոր Հասրաթյանը։
Նա հայտնել է, որ այսօր արդեն մտահոգված են Սյունիքի սահմանամերձ տարածքների վերադարձով։
«Ստիպված կլինենք «երկրորդական» համարել Բերդաձորի ենթաշրջանի հետ կատարվելիքը։ Իսկ սա ոչ այլ ինչ է, քան բացարձակ անտերության ու անիշխանության հետևանք։ Այսքանից հետո մնում է եզրահանգել, որ «ժողովրդի իշխանություն» կոչված խաբկանքին գերի հայը շարունակում է գնալ դեպի ինքնակործանում։ Սթափվեք, քանի դեռ ամեն ինչ վերջացած չէ..․»,- գրել է Սենոր Հասրաթյանը։
Հիշեցնենք, որ այսօր էլ Սյունիքի մարզում շարունակվում են բողոքի ակցիաները։ Բնակիչներն իշխանություններից անվտանգության երաշխիքներ են պահանջում։
Հիշեցնենք նաև, որ Եռակողմ հայտարարությունից հետո ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանները դեռ հստակեցված չեն։