«Ամուր կանգնենք եկեղեցու կողքին» կարգախոսը կրող ակցիային այսօր ի թիվս քաղաքացիների ու ընդդիմության այլ ներկայացուցիչների, ներկա է եղել նաև ընդդիմության՝ Ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Անդրադառնալով եկեղեցու դեմ իրականացվող արշավին՝ Վազգեն Մանուկյանն գործող իշխանությանը «օտարից սնվող խումբ» է անվանել:
Նա, մասնավորապես, ընդգծել է. «Իրենց գործունեությունն ուղղված է նաև եկեղեցու դեմ, քանի որ ցանկացած ազգային արժեքն նրանց համար անընդունելի են։ Սա համաշխարհային ընթացքն է, որը շատ երկրներ է կործանել, իսկ հիմա քանդում է մեր երկիրը»:
Հիշեցնենք, որ այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորությամբ տարեվերջյան Սուրբ Պատարագ է մատուցվել Սուրբ Գայանե եկեղեցում, որը խոչընդոտելու և Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ բողոքի ակցիա անցկացնելու վերաբերյալ ավելի վաղ հրապարակային կոչեր էին հնչել: Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն այդ հայտարարությունների առնչությամբ ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել՝ հորդորելով Ս. Պատարագին պահպանել հանդարտություն և հանգստություն:
Ամենայն Հայոց Հայրապետը հորդորել էր չազդվել նման սադրիչ հայտարարություններից, տարեվերջյան Ս. Պատարագի արարողությունն անցկացնել խաղաղ մթնոլորտում և աղոթել հայրենի մեր երկրի անսասանության և ազգի միասնականության, անվտանգ ու ապահով կյանքի համար: