Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն, անդրադառնալով «կարանտինային ռեժիմը չերկարացնելու» կոչերին, այն համատեքստում, որ այդ իրավական ռեժիմն է պատճառը բազմաթիվ տնտեսական դժվարությունների, նշել է․
«Տնտեսական դժվարությունների պատճառը համաճարակն է, որը հանգեցրել է բազմաթիվ խոչընդոտների տրանսազգային բեռնա- և ուղևորափոխադրումների հարցում, զբոսաշրջության հարցում, բազմաթիվ երկրներում տարբեր հումքային արտադրությունների սահմանափակումների պատճառով այլ երկրներում նույնպես արտադրությունների սահմանափակումների և այլն: Եվ ամբողջ աշխարհում գործող հակահամաճարակային միջոցառումներն են, որ պայքարելով համաճարակի դեմ, բերելու են տնտեսությունների ակտիվացմանը և ոչ թե` հակառակը»:
Թորոսյանը կոչ է անում օրակարգերը չձևախեղել և ջանք թափել իրական պատճառների դեմ պայքարի վրա: «Պարզապես անթույլատրելի է պատճառահետևանքային կապերի կամա, թե ակամա ձևափոխումը»,-նշել է նա։
Նա հայտնել է, որ որոշ բացառությունների գծով կառավարությունը դեռ 2020 թվականի գարնանից գնացել է թուլացումների, և հիմա էլ «կարանտինի իրավական ռեժիմը» երկարաձգելիս կրկին կլինեն թուլացումներ, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացվի։
«Հատուկ ուզում եմ անդրադառնալ տարբեր երկրների կողմից Հայաստանից ուղևորներ չընդունելու կամ Հայաստանը զբոսաշրջության համար ոչ անվտանգ երկիր համարելու հանգամանքին: Դա կրկին պայմանավորված չէ «կարանտինի իրավական ռեժիմով», ինչպես ժամանակին պայմանավորված չէր «արտակարգ դրության ռեժիմով»: Այդ հարցը կապված է համաճարակային իրավիճակի հետ, երբ մեր երկրում օրական դեռ արձանագրվում է կովիդի մոտ 300 նոր դրական դեպք: Այստեղ կրկին պետք է տարբերակել պատճառը հետևանքից»,-նշել է նա։