ԱԱԾ նախկին պետի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը նշել է, որ սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 18-ին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը վարչապետին զեկուցել է ռազմական ճակատում տիրող իրավիճակի մասին։ Հոկտեմբերի 18-ի նիստի ժամանակ Գասպարյանը հայտնել է նաև, որ «մենք գնում են դեպի պարտություն»։
«Գասպարյանը և, եթե չեմ սխալվում նաև Տոնոյանն այն կարծիքին էին, որ պետք է դադարեցվեն ռազմական գործողությունները։ Ներկա են եղել նաև Էդմոն Մարուքյանն ու Արման Աբովյանը։ Երկար քննարկումից հետո նման որոշում չկայացվեց»,-նշել է ԱԱԾ նախկին ներկայացուցիչը։
Համբարձումյանի համար անհասկանալի էին, թե ինչո՞ւ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Վլադիմիր Պուտինի առաջարկները չեն ընդունվել։ «Նոյեմբերի 7-ի դրությամբ, երբ ես դեռ ԱԱԾ պետ էի, այդ առաջարկի մասին տեղյակ չէի։ Այդ առաջարկությունների մասին ես տեղեկացա ոչ թե վարչապետից, այլ իմ գործընկերներից։ Այս անորոշություններն էին, որում ես վտանգ էի տեսնում»,-նշել է Համբարձումյանը։
Համբարձումյանն անդրադարձել է այն թեզին, թե պատերազմի ժամանակ հայկական կողմը միայնակ էր մնացել․ «Մեր հարևան երկրները և հատկապես ՌԴ-ն մեր հավատարիմ գործընկերներն են եղել, և այն ինչ արեց ՌԴ-ն, հայերը որտեղ էլ լինեն, չպետք է մոռանան»,-ընդգծել է Համբարձումյանը։
Ըստ ԱԱԾ նախկին պաշտոնյայի՝ Իրանը ևս հավասարակշիռ կեցված է դրսևորել։ «Էլ չհասված Ֆրանսիան, այնպես որ, մենք պատերազմի ընթացքում մենակ չենք եղել»,-նշել է Միքայել Համբարձումյանը։
Նշենք, որ նոյեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն ազատ կարձակվի զբաղեցրած պաշտոնից:
Ավելի ուշ՝ նոյեմբերի 12-ին, Համբարձումյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, որոնք պետք է լեգիտիմացնեն Հայաստանի ղեկավարությանը։ Դեկտեմբերի 17-ին Համբարձումյանը միացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԱԱԾ նախկին մի խումբ աշխատակիցների, իսկ դեկտեմբերի 20-ին ԱԱԾ նախկին ղեկավարը լրագրողների հետ զրույցում «Եռաբլուր» պանթեոն կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ առաջիկայում ասուլիս կտա, որտեղ կպատմի իր հրաժարականի պատճառների մասին: