Կան միլիարդավոր դոլարների մասին խոսակցություններ, և կա հետևանք։ Այս մասին նշել է «5-րդ» ալիքին տված հարցազրույցում նշել է ԱԱԾ նախկին պետ Միքայել Համբարձումյանն՝ անդրադառնալով պատերազմի ելքի հետ կապված այն տեղեկություններին, թե եղել են նախնական պայմանավորվածություններ, նաև միլիարդավոր դոլարների տեսքով գործարքի մասին։
Նա հայտնեց, որ իր տեղեկությամբ՝ համապատասխան մարմինները զբաղվում են այս հարցով, և, ըստ էության, պետք է քննվեն, թե որտե՞ղ, ի՞նչ ձևաչափով են հանդիպել ՀՀ և Ադրբեջանի առաջնորդները, կա՞ն արդյոք պայմանավորվածություններ և այլն։
Համբարձումյանը նշեց, որ որպես քննիչ էլ պատրաստ է մասնակցել այդ գործընթացներին։ «Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պետք է հերքի, այլ պարզաբանումներ տա այս ամենի հետ կապված»,-ընդգծեց ԱԱԾ նախկին պաշտոնյան։
Նշենք, որ նոյեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Ավելի ուշ՝ նոյեմբերի 12-ին, Համբարձումյանը հանդես է եկել երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ։ Ըստ նրա՝ ընտրությունները պետք է լեգիտիմացնեն Հայաստանի ղեկավարությանը։ Դեկտեմբերի 17-ին Համբարձումյանը միացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԱԱԾ նախկին մի խումբ աշխատակիցներին, իսկ դեկտեմբերի 20-ին ԱԱԾ նախկին ղեկավարը լրագրողների հետ զրույցում «Եռաբլուր» պանթեոն կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ առաջիկայում ասուլիս կտա, որտեղ կպատմի իր հրաժարականի պատճառների մասին: