ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հունվարի 18-ին մեկ սեղանի շուրջ էր հավաքել «Հայփոստ»-ի ներկայացուցիչներին, հրատարակիչներին և գրախանութների տնօրեններին: Գրահրատարակիչներին մտահոգել էր այն լուրը, թե «Հայփոստ»-ը բարձրացրել է արտերկիր արտահանվող գրքերի առաքման սակագինը: Նրանց կարծիքով՝ սակագնային փաթեթի բարձրացման ռիսկը կարող է հանգեցնել առաքման ծառայության ոչ թե թանկացմանը, այլ փակվելուն, ինչպես նաև հրատարակչության գործունեության բյուջեի բարձրացմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը «Հայփոստ»-ի տնօրենի առաջին տեղակալ Արայիկ Աբրահամյանը պարզաբանում ներկայացրեց՝ ընդգծելով, որ «Հայփոստ»-ը տարիներ շարունակ ինքնարժեքից էժան է ծառայություն մատուցել, բայց իրավիճակն այնպիսին է, որ այլևս այդպես հնարավոր չէ, քանի որ ընկերությունն ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի վնասներ է կրել:
«Սակագները փոխվել են, բայց գրահրատարակիչների համար Համաշխարհային փոստային միությունը սահմանել է «M» պարկ հատուկ փոստային ծառայությունը, որը մինչև 30 կգ արտահանման դեպքում հատուկ սակագներ է սահմանում, և միջազգային փոստափոխանակումներն էժան են ստացվում: Այդ ծառայությունից զատ «Հայփոստ»-ը ներքին ծախսերի հաշվին ևս 20 տոկոս զեղչ կտրամադրի գրահրատարակիչներին և այլ կորպորատիվ հաճախորդներին, որոնք պայմանագիր են կնքում ընկերության հետ»,-նշեց Աբրահամյանը:
«M» պարկ փաթեթի միջոցով մինչև 30 կգ տպագրական նյութերն (թերթեր, ամսագրեր, հրատարակչական պարբերություններ, գրքեր և այլն) ուղարկվում են մեկ հասցեով՝ յուրաքանչյուր լրիվ և ոչ լրիվ կգ-ի համար գանձվող քաշի համար վճարելով 4500 դրամ, իսկ ամբողջ պարկի համար գանձվող պատվերի վճարը 2000 դրամ է: Պայմանագիր ունենալու դեպքում առաքումն իրականացվում է սահմանված գնից 20 տոկոս զեղչով։