ԱԺ-ն մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքների զեկույցը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը:
Նա նախ ներկայացրեց քննիչ հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ բնապահպան Նազելի Վարդանյանի ուսումնասսիրությունները և նշեց, որ դրանց համաձայն, մեր երկրում հանքարդյունահանումն իրականացվել և իրականացվում է մի շարք օրենքների ու միջազգային կոնվենցիաների խախտումներով։
««Ջրային օրենսգրքով» և «Սևանի մասին» օրենքով արգելվում է լճի ջրահավաք ավազանի տարածքում հանքարդյունահանության իրականացումը: ՀՀ օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով չի թույլատրվում հանք շահագործել այն տեղանքներում, որտեղ ապրում են կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ և թռչնատեսակներ: Բնապահպանը թվարկել է Ջերմուկի շրջանի խնդիրները և անթույլատրելի համարել քաղաքի հարևանությամբ հանքի շահագործումը»,- մանրամասնեց պատգամավորը։
Քննարկվել է նաև Ամուլսարի շահագործման տարածքում առկա պատմամշակութային հուշարձանների պահպանության թեման: Բագրատյանն ընդգծեց, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումն անթույլատրելի է, քանի որ մոտակայքում պատմական հուշարձաններ կան։
Նա նշեց, որ այդ ուսումնասիրությունները փաստում են, որ նախորդ իշխանություններն Ամուլսարի շահագործման հետ կապված անօրինական որոշումներ են կայացրել:
Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացել են, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են ընկերության կողմից ընդերքի ապօրինի օգտագործման փաստեր: Ի դեպ, Բագրատյանը շեշտեց, որ Հայաստանում գործող հանքերը շահութահարկ չեն վճարում։
Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Ամուլսարի շահագործման դեմ պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում բնապահպան ակտիվիստները, որոնք կարծում են, որ այն աղետալի հետևանքներ կարող է ունենալ շրջակա միջավայրի համար, և մինչ օրս վերջնական որոշում չի կայացվել՝ թույլատրե՞լ, թե՞ արգելել հանքի շահագործումը։