Պատերազմի ժամանակ վնասվածք (վիրավորում) ստացած և զինվորական կապով հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզավորման կազմակերպումը կիրականացվի հատուկ ընթացակարգով՝ տրամադրելով առավել ֆունկցիոնալ պրոթեզներ: Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Առաքել Մովսիսյանը ՀՀ կառավարության նիստում։
«Կստեղծվի առավել լայն հնարավոորություններով հանձնաժողով՝ համալրված նաև միջազգային մասնագետներով։ Պրոթեզի ֆունկցիոնալությունը կդիտարկվի անհատական կարիքի հիման վրա։ Առկա պրոթեզարանների չափանիշների փոփոխություններ նույնպես նախատեսվում են։ «Զինվորի տուն» ՀԿ միջոցով կարիքների գնահատում է իրականացվել։ Կունենանք առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում»,- ասաց Մովսիսյանը։
«Մեր քաղաքականությունը պետք է լինի ոչ թե համակերպվելու, այլ հաղթահարելու քաղաքականություն»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Իր հերթին ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ հաշմանդամություն ստացած անձինք կարող են իրենց փորձել IT ոլորտում։ Նրանց պահանջարկը կա և այդպիսի մասնագիտացումները կիրականացվեն անվճար։ Շուտով այդ մասին կլինի հայտարարություն ու ծրագրից կօգտվեն հազարավոր մարդիկ։
Սոցիալ-առողջապահական ծառայությունների, այդ թվում՝ վերականգնողական օգնության տրամադրման ոլորտում այս երաշխիքների սահմանումը ևս մեկ ազդակ է, որ հայրենիքի պաշտպանության համար զինվորական ծառայության ընթացքում առողջությունը վտանգած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձի կյանքի որակի բարձրացման և արժանապատիվ կյանքի ապահովման իրավունքի համար պետք է ներդրվեն նաև լրացուցիչ ջանքեր՝ հաշվի առնելով այդ անձանց գնահատված սոցիալ-առողջապահական կարիքները և առանձնահատկությունները։
Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախնական գնահատման՝ (տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունները համադրվել են, նաև քաղաքացիների զանգերից ստացած տեղեկություններն են հավաքագրվել և ճշտվել) պրոթեզավորման կարիք ունի շուրջ 115 անձ, որոնք 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմում վիրավորում են ստացել և ունեն պրոթեզավորման կարիք: