Տարբեր լրատվամիջոցներով տարածվում է ապատեղեկատվություն, թե Պաշտպանության նախարարությունը կրճատել է աշխատակիցների աշխատավարձերը։ Լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, համակարգի անձնակազմի աշխատավարձի վճարումները կիրականացվեն սահմանված ժամկետներում, յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա յոթերորդ աշխատանքային օրը (հունվար ամսվա աշխատավարձերը կվճարվեն մինչև փետրվարի 7-ը):
Միաժամանակ տեղեկացվում է, որ հունվարին անձնակազմի սոցիալական ծանրաբեռնվածությունը մեղմելու համար տրամադրվել է կանխավճար, իսկ ՀՀ 2021թ. պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը նախատեսված հատկացումները կիրականացվեն սահմանված ժամկետներում և ամբողջությամբ: Այսինքն՝ աշխատակիցներին փոխանցված գումարները ոչ թե «կրճատված» աշխատավարձն է, այլ ընդամենը աշխատավարձի կանխավճար, իսկ աշխատավարձի մնացած հատվածը կփոխանցվի օրենքով սահմանված ժամկետներում։
Հիշեցնենք, որ որոշ լրատվամիջոցներ լուրեր էին տարածել, թե, իբրև, Պաշտպանության նախարարությունը կրճատել է աշխատակիցների աշխատավարձերը։