Ժողովրդի մեջ կան մարդիկ, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանին են պաշտպանում։ Այս մասին Արարատի մարզում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, նշելով, որ նրանց հետ պետք է լուրջ բացատրական աշխատանքներ տանել։
Մանուկյանն ընդգծեց՝ կան նաև քաղաքացիներ, որ տարբեր իշխանությունների ժամանակ, շահից ելնելով, «խուժանություն» են անում ընդդիմության դեմ։
«Այդ մարդիկ էին հավաքվել, և ես իրենց անվանեցի այնպես, ինչպես անվանեցի։ Յուրաքանչյուրն ունի իր կարծիքը։ Հետաքրքիրն այն է, որ երկիրն այս վիճակում է, բայց ձեզ հետաքրքրում է այդ մի բառը»,- նկատեց նա։
Վազգեն Մանուկյանն ասաց, որ «բոմժ» -երից ներողություն է խնդրել, որովհետև անօթևան մարդկանց խիստ վիրավորել է՝ համեմատելով դրանց (խմբ․ իշխանության կողմնակիցների) հետ։
Վազգեն Մանուկյանի համոզմամբ՝ վարչապետ Փաշինյանը հրաժարական է տալու, չեն թողնի, որ շարունակի պաշտոնավարել։
Նա հերքեց լուրերը, թե շարժման առաջնորդների միջև հակասություններ կան։
Նշենք, որ Հայրենիքի փրկության շարժման անդամներն այսօր մարզային այցելությունների շրջանակներում հանդիպում են Արարատի մարզի բնակիչներին։
Հիշեցնենք՝ Գյումրիում իր ճանապարհը փակած մի խումբ քաղաքացիների Վազգեն Մանուկյանը «բոմժ» էր անվանել, նաև ասել էր, որ այդ քաղաքացիներին «Իմ քայլը» փող էր բաժանել։