Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությունը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից:
«Վարչապետը ողջունել է պարոն Կուպմանի այցը Հայաստան և ընդգծել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանն այս առումով առանցքային է համարել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը և շեշտել ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ պարոն Կուպմանի այցը կնպաստի միջոցառումների ծրագրի և օրակարգի ձևավորմանն ու դրա հետագա առաջմղմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ գերատեսչության՝ Խերտ Յան Կուպմանը նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է սերտ համագործակցությամբ նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը՝ ի նպաստ երկու երկրների դիմակայունության ամրապնդման ու տնտեսական աճի: Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը համոզմունք է հայտնել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել: