«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 17-ին Երևանի պետական համալսարանում բաց դաս է անցկացրել, իսկ «Անի Գրանդ» հյուրանոցում մեկնարկել է նրա հանդիպումը բժիշկների հետ։
«Համալսարանը կամ որևէ ուսումնական հաստատություն զուտ գիտելիք ստանալու համար չեն։ Կրթությունը, լայն իմաստով, առաքինի մարդ կերտելու մասին է։ Մենք պետք է մտածենք ոչ թե քաղաքացիական, այլ բարոյական հասարակություն ստեղծելու մասին։ Ձեր աչքի առաջ քաղաքացիական հասարակությունը քանդվել է։ Ինչո՞ւ, որովհետև որևէ կերպ չի արձագանքում ոչնչի։ Իսկ բարոյական հասարակությունն ասելիք ունի»,- ԵՊՀ բակում ասել է Սրբազանը։
Նա ուսանողներին «հաղթանակի պատրաստվելու» կոչ է արել։
«Լավ պատրաստվեք ձեր հաղթանակին, որը կոչվում է՝ «թող բարձրանա ճշմարտության կողմը»»,- ասել է նա։
Շարժումն ավելի վաղ հայտարարել էր, որ ժամը 18։00-ին Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ հանդիպում է տեղի ունենալու շարժմանը սատարած և այդ մասին հայտարարությունն ստորագրած դասախոսների հետ։
Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում մայիսի 17-ին հայտարարել էր առաջիկայում մեծ հանրահավաք հրավիրելու մասին։
Մայիսի 15-ին ԵՊՀ ավելի քան 50 դասախոս աջակցություն էր հայտնել շարժմանն ու պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել, որոնք շարունակվել են նաև մայիսի 16-ին։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։