ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ նպատակադրված է մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին։ «Մասնակցելու ենք ընտրություններին ու հաղթելու ենք»,-նշել է նա 3 լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ։
Անդրադառնալով հարցադրմանը, թե ինչո՞ւ ակտիվ քաղաքական գործընթացների մեջ չներգրավվեց հետպատերազմյան շրջանում, Քոչարյանը նշել է, որ չի ցանկացել, որպեսզի իր գործոնը խանգարի խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ խորհրդարանում սահմանադրական եղանակով ընդդիմադիր վարչապետի հնարավոր ընտրության ժամանակ։
«Արտահերթ ընտրությունների համար անհրաժեշտ է իրավիճակի կայունացում։ Ընտրություններն այս անորոշությունների, զգայուն հարցերի վերաբերյալ պատասխանների բացակայության պարագայում իսկապես վտանգավոր են»,-նշել է Երկրորդ նախագահը՝ հավելելով, որ ընտրությունների համար առկա քաղաքական պայքարի համար իր թիմն ունի ամբողջ գործիքակազմը։
Հիշեցնենք, որ Ամանորից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խորհրդակցություններ է սկսում 2021-ին արտահերթ ընտրությունների հարցով: Ավելի ուշ նա «Հանրային» հեռուստաընկերության եթերում ասել էր, որ, երկու անգամ վարչապետ չընտրելու տարբերակից բացի, առաջարկում է արտահերթ ընտրություններ անցկացնելու նաեւ այլ տարբերակ՝ Սահմանադրությունը փոխել, Ազգային ժողովի ինքնալուծարման, արտահերթ ընտրությունների նշանակման լիազորության հնարավորություն ստեղծել առանց վարչապետի հրաժարականի։ Այս փոփոխության բնույթն այն է, որ Փաշինյանը կշարունակի պաշտոնավարել մինչեւ նոր վարչապետի ընտրությունը։