Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ԱԱԾ բերկման ենթրակվածների թվում էր նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: Նշենք, որ բերման ենթարկվածների թվում է եղել նաև սահմանադրագետ Գոհար Մելոյանը: Վերջիններս քիչ առաջ դուրս են եկել ԱԱԾ շենքից՝ լրագրողների հետ զրույցում ներկայացրելով մի շարք մանրամասներ:
«Ես բացարձակ գաղափար չունեմ, թե ինչ է կատարվում և ինչո՞ւ եմ հայտնվել ԱԱԾ-ի շենքում։ Առգրավվել է իմ հեռախոսը,աշխատանքային համակարգիչը, որի մեջ կար աշխատանքային ինֆորմացիա, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմական հանցագորությունների վերաբերյալ, որը պետք է փոխանցեի ՄԻՊ-ին»,- լրագրողների հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Սահմանադրագետ Գոհար Մելոյանն էլ հավելեց, որ սկզբում խուզարկել են իրենց աշխատասենյակները, և հետո բերման ենթարկել՝ հրաժարվելով ցույց տալ խուզարկություն իրականացնելու դատարանի որոշումը:
«Չեմ կարող ասել, թե ինչ գործի շրջանակում էր խուզարկություն իրականացվում։ Առգրավվել են մի շարք անձնական իրեր, ամբողջովին ուսումնասիրվել են առկա հաստափոր թղթապանակները, որտեղ իրենց հետաքրքրող նյութեր չկային: Հարցաքննվել ենք կասկածյալի հիմքով, հրաժարվել ենք ցուցմունք տալուց»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի աշխատասենյակը հարակից երկու այլ աշխատասենյակներ, որից հետո նրան բերման են ենթարկել ԱԱԾ: Բնակարանի խուզարկությունից հետո բերման է ենթարկվել նաև «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյան: Բերման ենթարկվածների թվում է նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: