Կայացել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների երրորդ եռակողմ նիստը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը փետրվարի 27-ին կայացած երրորդ հանդիպումից հետո հայտնել է, որ աշխատանքային խմբի երրորդ նիստի ընթացքում քննարկվել են ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9 -րդ կետի, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի իրականացումից բխող համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները:
«Կողմերը քննարկել են փորձագիտական ենթախմբերի հաշվետվությունները, որոնք վերաբերում են երկաթուղային, ավտոմոբիլային ու համակցված բեռափոխադրումներին: Քննարկվել են նաև դրանց անվտանգության ապահովման, սահմանային, մաքսային, սանիտարական վերահսկողության վերաբերյալ հարցեր: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային խմբի հաջորդ նիստն անցկացնել տեսակոնֆերանսի ռեժիմով՝ 2021 թվականի մարտի 1 -ին»,-հայտնել է Ալեքսեյ Օվերչուկը:
Հիշեցնենք, որ Մոսկվայում փոխվարչապետների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել հունվարի 30-ին։ Նիստի ընթացքում քննարկվել էին Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացումից բխող համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև 2021-ի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը: