ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց և հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը:
Այն ներկայացնող ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ նվազեցվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թիվը, դատարանը կգործի 15 դատավորով, որից առնվազն 10-ը պետք է լինեն մասնագիտացված կոռուպցիոն հանցագործությունների, 5-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի գծով: Բացի այդ, ըստ նախարարի, նախագծից հանվել են Վերաքննիչ դատարանի դատավորների թեկնածուների համար բարեվարքության ուսումնասիրությունն անցնելու պարտադիր պահանջի կարգավորումները:
«Սահմանվել են Վերաքննիչ քրեական և Վերաքննիչ քաղաքացիական դատարաններում առանձին դատավորների միջև գործերի բաշխման առանձնահատկությունները: Քրեական դատավարության օրենսգրքից էլ հանվել են Հակակոռուպցիոն դատարանին կոռուպցիոն հանցագործություններով միջդատական վարույթի նկատմամբ վերահսկողության իրականացման իրավասության վերապահման և Վերաքննիչ քրեական դատարանի վերաբերյալ դրույթները՝ հաշվի առնելով, որ Կառավարությունն այդ առումով առաձին նախաձեռնությամբ է հանդես եկել․ խոսքը Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծման գաղափարն է»,- մանրամասնեց նա։
Փոփոխություններն այսքանով չեն սահմանափակվել։ Ռուստամ Բադասյանը մատնանշեց, որ նվազեցվել են նաև Հակակոռուպցիոն դատարանի դատավորների պաշտոնային դրույքաչափերը՝ դրանք հավասարեցնելով դատավորների պաշտոնային դրույքաչափերին, միաժամանակ՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար հավելումներ են սահմանվել: Խմբագրվել են հակակառուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների համար նախատեսված սահմանափակումները, հանվել՝ Վերաքննիչ դատարանի դատավորների թեկնածուների համար բարեվարքության ուսումնասիրության անցնելու պարտադիր պահանջի կարգավորումները։