Այս տարի սոցիալական ոլորտի ծախսերի համար նախատեսված է 503 մլրդ դրամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2022-ի համար առաջարկում է այդ ծախսերը հասցնել 550 մլրդ դրամի: Այդ մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը «2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված սոցիալական ոլորտի բյուջետային ծրագրերի քննարկման ժամանակ:
Նա հստակեցրեց, որ սոցիալական ծախսերի մոտ 90 տոկոսը կազմում են կենսաթոշակները, նպաստները, աշխատավարձերը և այլ պարտադիր վճարներ: Նախարարի խոսքով՝ բյուջետային փոփոխությունը պայմանավորված է շահառուների թվաքանակի փոփոխությամբ:
«Նախատեսվում է բազմազավակ ընտանիքներին տրամադրվող աջակցությունն առանձնացնել անապահովների հատվածից, ինչի համար ֆինանսավորումն առաջարկվում է ավելացնել մոտ 6.5 մլրդ դրամով:
Առաքելյանի խոսքով՝ փոփոխություններ են նախատեսվում զբաղվածության ծրագրերում: Ծրագրերը գնահատվել են, որի արդյունքում 5 ծրագիր դադարեցվել է, մյուսները փոփոխության են ենթարկվում, կարևորվելու է գործատուներին տրամադրվող աջակցությունը»,- հավելեց նա։
Նա նշեց, որ հաջորդ տարվա բյուջեով առաջարկվում է կրկնակի ավելացնել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին ուղղված ֆինանսավորումը՝ 2 մլրդ դրամ՝ այս տարվա մոտ 900 մլն-ի փոխարեն։