Ապրիլի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում գերեվարված և անհայտ կորած համարվող զինծառայողների ծնողներին և հարազատներին,տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ներկայացրել է իրականացվող որոնողական աշխատանքներին առնչվող մանրամասներ։ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հավաստիացրել է, որ բարձրացված խնդիրները մշտապես գտնվում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում և, այդ թվում նաև պաշտպանական գերատեսչության իրավասությունների շրջանակում, արվում է առավելագույնը` գերեվարված զինծառայողների վերադարձն ապահովելու, անհայտ կորած համարվող զինծառայողների ճակատագրերը օր առաջ պարզելու, աճյունները հայտնաբերելու և նույնականացնելու ուղղությամբ։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել դրանք պարբերական դարձնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ երեկ լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որոնց համաձայն՝ Հայաստան պետք է վերադառնար գերիների հերթական խումբ։
Լուրը հաստատվեց վարչապետի, ինչպես նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակի մակարդակով: Ավելի ուշ պարզվեց, որ Բաքվից Երևան ժամանող ինքնաթիռը դատարկ է:
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ դատարկ ինքնաթիռի մասին, գերիների և անհետ կորածների ծնողներն ու հարազատները հավաքվել էին ՀՀ պաշտպանության նախարարության մոտ և բողոքի ակցիա կազմակերպել ՝ արգելափակելով ՊՆ-ի շենքի մուտքը։
Հաջորդ օրը Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը, և որ երեկվա դեպքը կեղծ պրովոկացիա էր: