Ապրիլի 12-ին Բաքվում բացվել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ»: «Պուրակում» հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում: Դա արված է հնարավորինս լայն հրապարակայնություն ապահովելով: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ-ը։
«Պուրակի» հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից ակնհայտ է, որ ցուցադրությունն արված է Հայաստանի ու Արցախի հայերի, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ատելությունն ու թշնամանքն ավելացնելու, խրախուսելու համար: Ցուցադրություններն արված են ցինիզմով՝ հրապարակայնորեն նսեմացնելու համար պատերազմում զոհվածների հիշատակը, անհայտ կորածներին ու գերիներին, ոտնահարելու համար նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը:
Նույն ցինիզմով ցուցադրված են Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրերը, իսկ զոհված զինվորականների սաղավարտների ցուցադրումն արված է՝ ակնհայտ իմանալով, որ դա լրացուցիչ տառապանքներ է պատճառելու նրանց ընտանիքներին, հայաստանյան ու արցախյան հասարակությանը, գեներացնելու է նոր ատելություն ադրբեջանական հասարակությունում:
Պետական հովանավորչությամբ թշնամանքն էր պատճառը, որ ադրբեջանական զինվորականները դաժանաբար խոշտանգում ու սպանում էին հայկական կողմի զինծառայողներին և քաղաքացիական անձանց՝ գործելով բաց դեմքերով, բացառիկ ցինիզմով՝ առանց անգամ մտածելու պատասխանատվության մասին և վստահ լինելով, որ դրա համար նրանք միայն գովասանքի են արժանանալու:
Ուստի, 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին նվիրված «պուրակի» ցուցադրություններն ակնհայտորեն վերահաստատում են Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը:
Այս բացարձակ արատավոր երևույթը ևս մեկ անգամ վկայում է, որ մենք չպետք է թույլ տանք, որպեսզի մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. դա պարզապես շղարշ է, որ նախատեսված է միջազգային հանրության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։