ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է իրավական ընթացք տալ լրագրող Փայլակ Ֆահրադյանի և ՀՀ ԲՏԱ արդեն նախկին նախարար Հակոբ Արշակյանի միջև տեղի ունեցած միջադեպին։ Այս մասին Armenia Today-ի թղթակցին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը․ «Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժել՝ հանցակազմի բացակայության հիմքով»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Երևանի սրճարաններից մեկում լրագրողը մոտեցել էր Հակոբ Արշակյանին և հարցրել, թե ինչու է աշխատանքային ժամին նա սրճարանում, որից րոպեներ անց Հակոբ Արշակյանը մոտեցել էր լրագրողին և հարվածել նրան՝ վնասելով նաև լրագրողի գույքը: Լրագրողը դեպքի վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել, որին Գլխավոր դատախազությունն ընթացք էր տվել։ Հրապարակված տեսանյութն ուսումնասիրվել և նշանակվել էր փորձաքննություն, սակայն այսօր կայացվել է քրեական գործ չհարուցելու մասին որոշում:
Լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ մեզ այդպես էլ կապ հաստատել չհաջողվեց։