ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ապրիլի 19֊ին հեռավար հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։
ՀՀ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը ՀՀ-ում տեսանելի է:
Ոլորտում առկա է աշխատատեղերի մեծ պահանջարկ և հանրությանը դեպի տեխնոլոգիական կրթություն ուղղորդելը կարևոր ազդակ կարող է հանդիսանալ այս բնագավառի զարգացման համար։ Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի վերջին տարիների ձեռքբերումները, կատարված աշխատանքի ամփոփ պատկերը, առանձնացրել ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները:
Դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է, որ ԵՄ-ն կարևորում է էլեկտրոնային կառավարման մշտական արդիականացումը (e-government): ԵՄ-ի հետ աշխատանքներ են ընթացել նաև «e-tax», «e-police» ծառայությունների, ինչպես նաև «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի գործարկման, ակտիվացման ուղղությամբ:
Ներկայումս ԵՄ-ն համագործակցում է ՀՀ-ի հետ «e-judiciary» և «e-visa» ծառայությունների ամբողջական ներդրման ուղղությամբ:
Նախարար Հ․ Չոբանյանը նշել է նաև, որ ներկայում նախարարությունը մշակում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ռազմավարությունը, որը կսահմանի ոլորտային զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ հիմնական ուղենիշները: