Հաշմանդամության խմբերի փոխարեն այսուհետ կսահմանվեն անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճաններ՝ թեթև, միջին, ծանր, խորը։ Կախված ֆունկցիոնալության մակարդակից` կգործի սոցիալական ծառայությունների փաթեթ: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ներկայացնելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, անձի ֆունկցիոնալության գնահատման և այլ հարակից օրենքների փաթեթը:
Նա տեղեկացրեց, որ ներկայացված օրինագծերի փաթեթով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն ու ուղղությունները, մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովումը։ Փոփոխությունների արդյունքում ստեղծվելու է մասնագիտական ռեեստր։
Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ գնահատվելու է անձի ֆունկցիոնալությունը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։
«Այդ պարտականությունը դրված է բժշկա-սոցիալական փորձաքննություն իրականացնող խմբերի վրա։ Հետագայում այլևս գոյություն չեն ունենալու ստատիկ խմբեր, լինելու է մասնագիտական ռեեստր։ Եթե անգամ քաղաքացին չճանաչվի հաշմանդամ, նա միևնույն է կարող է ստանալ որոշակի ծառայություններ, եթե նա դրա կարիքն ունի»,- շեշտեց պաշտոնյան։
Նա հավելեց, որ պահպանվել են հաշմանդամություն ունեցող մարդկանց համար նախորդ օրենքով գործող բոլոր արտոնությունները:
Առաջին և երկրորդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց համար պահպանվում են բժշկանան և կրթական համակարգում բոլոր արտոնությունները, դրամական աջակցությունը։
Տաթևիկ Ավետիսյանը հավաստիացրեց, որ համակարգի բարեփոխումն ու օրենսդրական փաթեթի ընդունումը նպատակ ունեն կանխել կոռուպցիան։
Հիշեցնենք, որ ՀՀ-ն ստանձնել էր պարտավորություն՝ միջազգային նորմերին ու ստանդարտներին համապատասխանող օրենք մշակելու հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ:
Ցանկացած պետություն, որը ՄԱԿ-ի 2016 թվականի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան վավերացնում է, պարտավոր է իր օրենքները համապատասխանեցնել միջազգային նորմերին ու ստանդարտներին: