Վաղարշակ Հարությունյանն իր ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրել է մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրությունը։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ, չնայած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ադրբեջանցի զինվորականների մի քանի խմբեր վերադարձել են ելման դիրքեր, նրանց մի մասը դեռևս շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչը նշանակում է, որ խնդիրն, ընդհանուր առմամբ, դեռևս չի հանգուցալուծվել։
Վաղարշակ Հարությունյանն անթույլատրելի է համարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ոտնձգությունները, շեշտելով, որ իրադրության հետագա զարգացումները կարող են անկանխատեսելի հետևանքների հանգեցնել։
ՌԴ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ խնդիրը գտնվում է Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում, և որ պաշտոնական Մոսկվան գործադրելու է անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման համար։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ լարված իրավիճակ է ստեղծվել հայ-ադրբեջանական սահմանի Վարդենիսի և Սիսիանի հատվածներում։ Ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները ներխուժել են ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք և հրաժարվում են դուրս գալ։ Հայկական կողմը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։ Մի շարք երկրներ նույնպես դատապարտել են ադրբեջանական կողմի գործողությունները։
Նախնական տեղեկություններով՝ նախօրեին համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի ադրբեջանական ԶՈՒ-ի ներկայացուցիչները հետ քաշվեն։ Նիկոլ Փաշինյանը այսօր ՀՀ ԱԽ նիստում հայտարարել է, որ ակտիվության և լարվածության աճ է նկատվում սահմանային մի շարք գոտիներում։