«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, վերջին օրերին հրապարակային հավակնություններ է դրսեւորում ընտրություններում 60 տոկոս եւ ավելի քվե ստանալու, սակայն դա ավելի շատ հոգեբանական ճնշման միջոց է։ Ուշագրավ է, որ իշխանական ազդեցության տակ գտնվող տելեգրամյան ալիքներից մեկում՝ «Ռադար Արմենիայում» իրականացվող հարցումների արդյունքներով՝ «Քաղպայմանագիրը» երկրորդ տեղում է․ զիջում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին բողոքի ակցիաներով եւ կապիտուլյանտ վանկարկումներով են դիմավորում ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս: Վառ օրինակը երեկ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցածն էր, ինչը Փաշինյանին ստիպել է շրջել ոստիկանական մեծ թվով ուժերի ուղեկցությամբ:
Այնտեղի հայերը Փաշինյանին դիմավորել են «Կապիտուլյանտ» գրությամբ պաստառներով: Սակայն պարզվում է, որ Փաշինյանը մերժվել է նաեւ հայ համայնքի կողմից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրանի)՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում հայտնվելու փաստը շատերին է զարմացրել։ Մենք տեղեկացանք, որ նրա՝ ցուցակում հայտնվելու կնքահայրը Սերժ Սարգսյանն է։ Ընդ որում, սկզբում նրան 14-րդ տեղն են հատկացրել, սակայն Պողոսյանը չի համաձայնել, որից հետո Ազատիչի ջանքերով բարձրացել է 11-րդ հորիզոնական։ Պողոսյանը խոստացել է առնվազն 10 հազար ձայն բերել, բայց նրա գրանցումը դեռ կասկածի տակ է։ Նա իր բացակայությունն արդարացնող տեղեկանք է ներկայացրել ռուսական մի բուհից, որտեղ ուսանում է, բայց ՀՀ ոստիկանությունը հարցում է արել եւ պարզել, որ նա այդ բուհում գրանցված չէ։ Պողոսյանը երկրորդ տեղեկանքն է ներկայացրել։ Այժմ ոստիկանությունը կրկին հարցում է արել՝ պարզելու, թե արդյո՞ք Պողոսյանն ուսանում է այնտեղ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ուժի ցուցադրության ամենամեծ դրսեւորումը լուրեր տարածելն է, թե այս կամ այն քաղաքական գործիչը հանդիսանում է ռուսական «դաբրո» ունեցողը, որ նա մեկնեց Մոսկվա, ինչին արդեն հաջորդում են քաղաքական կիսագաղտնի ենթադրությունները։
Աբսուրդը հասնում է նրան, որ տպավորություն է, թե ռուսական քաղաքական վերնախավը, բանուգործ թողած, շատ կարեւոր հանդիպումներ է ունենում Հայաստանից ժամանած մանր ու միջին քաղաքական գործիչների հետ։ Իհարկե, իրականությունն այդպիսին չէ՝ չբացառելով, որ ռուսական իշխանական միջին շերտերի չինովնիկների հետ կապեր ունեցողներ այնուամենայնիվ կան»: