Դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանը ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին Ախալցխայում։ 1928 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս: 1941-1944 թվականներին սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում։ 1944-1998 թվականներին աշխատել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ 1984-1988 թվականներին Խաչվանքյանը նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն է եղել։
Կարպ Խաչվանքյանի հայտնի դերերից են Ալդեմարոն (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Նիկոն (Հ. Պարոնյանի և Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան»), Պետրուչիոն (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»), Տոնիոն և Զանետտոն (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»)։
Կարպ Խաչվանքյանը երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրել է Արտեմի Այվազյանի «Սեր աստղերի տակ», Էլդար Ռյազանովի և Էմիլ Բրագինսկու «Բաղնիքդ անուշ» և մի շարք այլ կատակերգություններ։
Դերասանի ամենահաջողված դերերից մեկը 1983 թվականի «Տաքսի-տաքսի» ֆիլմ-բեմադրության մեջ գլխավոր հերոս Կնյազի դերն է։
Հայկական բեմի Չարլի Չապլին. այսպես են բնորոշել հայ թատրոնի ու կինոյի մեծանուն կատակերգու Կարպ Խաչվանքյանին։
Նշենք, որ հայտնի դերասանը 1998 թվականին պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով։
Կարպ Խաչվանքյանը մահացել է 1998 թվականին Երևանում 75 տարեկանում։