«Armenian Project» գիտաուսումնական նախագծի թիմը Ռուսաստանի հայ համայնքների հրավերով առաջիկայում Ռուսաստանի 7 քաղաքներում հանդես կգա դասախոսություններով՝ ներկայացնելով այն մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանն ու հայ ժողովուրդը:
Թիմի կազմում են քաղաքագետ Էդգար Էլբակյանը, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը, թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
Թուրքագետ Վարուժան Գեղամյանն այս առիթով իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայկական նախագիծ / Armenian Project-ի մեր թիմը Ռուսաստանի հայկական համայնքների հրավերով այս օրերին ՌԴ-ում է. մենք 7 տարբեր քաղաքներում հանդես ենք գալու Հայաստանի ու հայության առջև կանգնած հիմնախնդիրներին նվիրված դասախոսություններով (ի՞նչ ունենք և ի՞նչ անել հարցերից ելնելով):
Մենք համոզված ենք, որ հայկական ազգային նախագծի՝ Հայաստանի պետականության վերականգնման համար անհրաժեշտ է ողջ հայության համախմբումը՝ թե՛ Հայաստանում, թե՛ հայկական սփյուռքում։ Ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանի թշնամիները հետևողական աշխատանք են տանում նաև հայկական սփյուռքում։ Հետևաբար, Հայաստանի վերականգնման ճանապարհն անխուսափելիորեն նշանակում է նաև մեր ազգային «սահմանների» պաշտպանություն հայկական ուժեղ համայնքներում։ Մեր թիմի համեստ քայլերն ուղղված են այդ ուղղությամբ. Հայաստանը հաղթելու է հակաՀայաստանին»: