ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով և հայտարարել, որ «որոշեցինք տանտեր ենք, ու գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով»:
«2018 թվականի հեղափոխության ժամանակ մենք գիտեինք, որ մեր տան՝ Հայաստանի դռները, լուսամուտները, տանիքն ու ցանկապատը կարգի բերելու անհրաժեշտություն ունեն՝ հակառակ դեպքում հեղափոխություն անելու կարիք չէր լինի: Գիտեինք նաև, որ ոմանք մեզ կենվոր են համարում մեր իսկ տանը, և այդ ընկալումն ամրագրելու բազմաթիվ պայմաններ են ապահովել: 2018 թվականին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին: Ոչ թե առանց հասկանալու չմտածեցինք դրա հետևանքների մասին, այլ հասկանալով չմտածեցինք, որովհետև ինքդ դո՛ւ լինելու հետևանքների մասին մտածելու մասին մտածելն անիմաստ է. դո՛ւ պարզապես պիտի որոշես՝ ուզո՞ւմ ես դու լինել, թե՞ ոչ»,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Քաղաքացու օրը տոնացույցում է հայտնվել 2018 թվականի հեղափոխությունից հետո՝ նշանավորելու դե ֆակտո հաստատումը վաղուց ի վեր հայտարարված այն բանաձևի, որ Հայաստանի իշխանությունը պատկանում է ժողովրդին:
«Այդ բանաձևն այլեւս անշրջելի իրողություն է Հայաստանում, և ապացուցվում է նաև վերջին տարիների իրադարձություններով, երբ երբեմնի էլիտաները, որ ի զորու էին փոքր հավաքներում որոշել ո՞վ լինի իշխանություն և ո՞վ ընդդիմություն, այլևս ի վիճակի չեն դա անելու, որովհետև նման որոշումներ կայացնելու իրավունք և հնարավորություն արդեն ունի միայն մեկ սուբյեկտ, և այդ սուբյեկտը Հայաստանի քաղաքացին է, և քաղաքացիների հավաքականություն ժողովուրդը»,- ասված է ուղերձում:
Նա հավելել է, որ օրակարգի առանցքային խնդիրներից մեկը, որը լուծում են հիմա, Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները վերարտադրելն է:
«Պետության գոյության հաջորդ կարևորագույն գրավականն իրավունքների և պարտականությունների հավասարակշռված հարաբերությունների մասին համաժողովրդական համաձայնությունն է, ժողովրդական որոշումը՝ արձանագրված պետության իրավական հիմքերում, և մի ինչ-որ պահի պետք է հասնենք նաև ռազմավարական այս նպատակին, որպեսզի երկրում հաստատված իրավակարգը, իրավունքների ու պարտականությունների համակարգը քաղաքացին իրենը, իր ստեղծածը համարի և ոչ թե ինչ-որ շրջանակների կողմից իրեն պարտադրված»,- նշել է վարչապետը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է 2018 թվականից՝ ապրիլի վերջին շաբաթ օրը: 2019 թվականի մարտի 21-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին, որոնցում առաջարկվել էր սահմանել Քաղաքացու օրը՝ որպես նոր տոն: