ՔԿ-ն պարզել է Լոռու մարզում 17-ամյա անչափահասին դանակահարելու, վերջինիս ոսկյա թևնոցը հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները, հայտնում են կոմիտեից։
Մասնավորապես, մայիսի 3-ին Լոռու մարզի Լեռնահովիտ բնակավայրի բնակչուհին հաղորդում է ներկայացրել, որ մայիսի 2-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, որդուն դանակահարել են՝ ներկայացնելով նաև տվյալներ առերևույթ հանցագործությունը կատարած անձի վերաբերյալ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, պարզվել էր, որ մայիսի 2-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում¸ Լոռու մարզի Տաշիր համայնքի սկզբնամասում առկա տաղավարին հարակից տարածքում նույն բնակավայրի 18-ամյակը լրացած բնակիչը ձեռքին եղած ծալովի դանակով հանկարծակի հարվածել է իր համադասարանցին հանդիսացող 17-ամյա պատանու որովայնի աջ կողային հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Այնուհետև վերջինիս պառկեցնելով մեջքի վրա՝ պահանջել է իրեն հանձնել նրա ձեռքին եղած ոսկյա թևնոցը, տուժողի կողմից ձեռքը մեկնելուց հետո հանել և հափշտակել է այն։ 18-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել։ Նա խոստովանել է կատարածը և Լեռնահովիտ բնակավայրի տներից մեկի բակից՝ քարերի տակից, հանել և ներկայացրել է հափշտակված ոսկյա թևնոցը։
Երիտասարդին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ ավազակություն կատարելը)։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 18-ամյա անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։