Աշխարհն ուղիղ եթերով դիտում է Նեթանյահու անունով վամպիրի բարբարոսություններին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Իսրայելի վարչապետին անվանելով նաև հիվանդ մոլագար, տեղեկացնում է Անադոլու գործակալությունը։
Նրա խոսքով՝ ոչ մի հավատ չի արդարացնում անմեղ քաղաքացիներին վրաններում մոխրացնելը։
«Պաղեստինցի խաղաղ բնակիչների արյունը նաև Միացյալ Նահանգների, Եվրոպայի պետությունների և կառավարությունների ղեկավարների ձեռքերում է, ովքեր իրենց լռությամբ դարձել են Իսրայելի «վամպիրիզմի» գործընկերները»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանը նշել է, որ Իսրայելը Գազայում սպանում է մարդկանց, իսկ Եվրոպան՝ սեփական արժեքները։
«ՄԱԿ-ը նույնիսկ չկարողացավ պաշտպանել սեփական անձնակազմին և հումանիտար աշխատողներին, առավել ևս՝ դադարեցնել ցեղասպանությունը: Գազայում մահացավ ոչ միայն մարդկությունը, այլև ՄԱԿ-ը»,- ասել է նա։
Էրդողանի խոսքով՝ ոչ մի պետություն, այդ թվում՝ Թուրքիան, չի կարող անվտանգ լինել, քանի դեռ Իսրայելը չի ենթարկվում միջազգային իրավունքին և իրեն պարտավորված չի համարում միջազգային իրավունքով։
«Մարդկությունը պետք է անհապաղ և միասին դադարեցնի Գազայում իրականացվող ցեղասպանությունը, վայրագությունն ու բարբարոսությունը, քանի դեռ Նեթանյահուն և նրա մարդասպանների ոհմակը դուրս չեն եկել վերահսկողությունից»,- եզրափակել է Էրդողանը։
Մայիսի 22-ին Նորվեգիայի, Իռլանդիայի և Իսպանիայի ղեկավարները հայտարարել էին Պաղեստինը ճանաչելու մասին։
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Պաղեստինում զոհերի թիվը մայիսի 28-ի դրությամբ գերազանցում է 36 հազարը, իսրայելական բանակի տվյալներով՝ հարձակումից ի վեր շուրջ 1200 իսրայելցի զինծառայող է զոհվել։