Հայաստանում տեղահանված խոցելի և այլ անապահով խմբերի տնտեսական և սոցիալական ներառման գործում հնարավոր ջանքերի համախմբման նպատակով փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԳՄՀԸ/GIZ -ի կողմից իրականացվող «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) ծրագրի և Action Against Hunger (ААH) կազմակերպության միջև։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Կարևորելով գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցային շրջանակի ընդլայնումը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հուշագրի կնքումը սոցիալական պաշտպանության ոլորտում ևս մեկ կարևոր քայլ է համարել։
«Հուշագրի կնքումը մեզ հնարավորություն կտա է՛լ ավելի խորացնել ոլորտային համագործակցությունը։ Ուստի, մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ հնարավոր ջանքերն ու ռեսուրսները մեկտեղել առկա մարտահրավերներին պատշաճ կերպով արձագանքելու համար»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։