Վրաստանի խորհրդարանի բոլոր մուտքերն արգելափակված են։ Այս մասին հայտնում է Վրաստանի առաջին հեռուստաալիքը։
Ըստ աղբյուրի՝ Վրաստանում ցուցարարները խորհրդարանի երեք մուտքերը փակել էին նոյեմբերի 17-ի երեկոյան՝ հայտարարելով, որ այսօր՝ նոյեմբերի 18-ին ոչ մի պատգամավոր չի մտնի խորհրդարան։
Նշվում է, որ Վրաստանի խորհրդարանում այսօր տեղի է ունենալու բյուրոյի նիստ, ինչպես նաև խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության և ինքնավարման հանձնաժողովի նիստը։
Օրենսդրական մարմին եկած պատգամավոր Ռևազ Արվելաձեին ցուցարարները ճանապարհել են սուլոցներով։
Այս պահի դրությամբ խորհրդարանի մոտ են կենտրոնացված նաև իրավապահները, ում օգնությամբ պատգամավորները հեռանում են խորհրդարանի տարածքից։
Դրա հետ մեկտեղ «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում հավաքվում են կուսակցության առաջնորդները։