Տարածաշարջանում կայուն խաղաղություն հաստատելու Ադրբեջանի ցանկության շինծու բովադակությունն ավելի է արտահայտվում իրանա-ադրբեջանական սրված հարաբերությունների համատեքստում։ Այս մասին Armenia Today-ի հետ հարցազրույցում ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը՝ նշելով, որ Հայաստանը կարող էր և դեռ հնարավորություն ունի օգտվելու ստեղծված իրավիճակից՝ աշխարհին ցույց տալու ադրբեջանական «խաղաղասիրության» ողջ կեղծիքը։
«Իրանը մեր բնական դաշնակիցն ու բարեկամն է, որը ներկայումս լարված հարաբերություններ ունի Ադրբեջանի՝ մեր թշնամի պետության հետ։ Թվում է՝ այստեղ ամեն ինչ շատ պարզ է․ Հայաստանը պետք է օգտվեր իրանա-ադրբեջանական լարված հարաբերությունների ընձեռած հնարավորությունից»,- ասաց իրանագետը՝ պարզաբանելով․
«Ադրբեջանը հայտարարում է, թե «պատրաստ է տարածաշրջանում կայուն խաղաղության, բայց դրան խոչընդոտում է Հայաստանը», իբր՝ «հենց Հայաստանը չի ուզում ճանապարհների ապաշրջափակում»։
Մասնագետի խոսքով՝ Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները լարվել են այն պատճառով, որ Ադրբեջանը սադրիչ քայլերի է դիմում․ իրանցի վարորդների է ձերբակալում և անգամ Իրանի կոշտ պահանջով նրանց չի ազատել, տարբեր տեսակի զորավարժություններ է իրականացնում Իրանի «քթի» տակ՝ հրավիրելով Թուրքիային և Պակիստանին, որոնք ևս խաղաղության միտված չեն։
Վարդանյանի պարզաբանմամբ՝ Ադրբեջանը Կասպից ծովի տարածքում զորավարժություն է իրականացնում այն դեպքում, երբ կոնվենցիոն համաձայնագրով այնտեղ նման զորավարժություն անցկացնելու իրավունք ունեն միայն Կասպից ծովի առափնյա երկրները, մինչդեռ զորավարժության մասնակից Թուրքիան այդպիսի երկիր չէ։
«Այս սադրանքները տանում են նրան, որ տարածաշրջանում չլինի կայուն խաղաղություն»,- ասաց իրանագետը՝ նշելով, որ այս իրողություններից Հայաստանը պետք է իր շահաբաժինը ստանար։
Նրա խոսքով՝ պետք է օգտագործել նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ժամանակ Սիրիայից, իսկ այժմ նաև Աֆղանստանից ահաբեկիչների է բերել տարածաշրջան։ «Ահաբեկիչների տարածաշրջան բերող և նրանց ֆինանսավորող երկիրը չի՛ կարող խոսել կայուն խաղաղությունից»,- արձանագրեց Վարդանյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանին Իրանի զորավարժություններին՝ Վարդանյանը նշեց, որ թեև զորավարժությունների մասին նախապես հայտարարված չի եղել, բայց բազմաթիվ լրատվամիջոցներ գրել են դրանք անցկացնելու մասին։ Վարդանյանի խոսքով՝ ինչպես ցանկացած զորավարժություն, սա էլ ունի իր ուղերձը, և անխոս, այն հասցեագրված է Ադրբեջանին ու Թուրքիային։
«Այս ամենն արվում է նրա համար, որպեսզի Ադրբեջանն իր տեղը ճանաչի, իմանա, թե որտեղ է գտնվում և կարողանա Իրանի հետ նորմալ հարաբերություններ հաստատել՝ հաշվի առնելով, թե որ պետության հետ է հարաբերվում»,- ասաց Ահարոն Վարդանյանը։
Ինչպես պատմեց իրանագետը՝ պարսկական մեդիատիրույթի փորձագիտական-վերլուծական դաշտում խոսվում է այն մասին, թե մի պետություն, որի անվանումը քարտեզի վրա իր իսկ տարածքի վրա գրելիս հնարավոր չէ տեղավորել, մի պետություն, որը երկար ժամանակ եղել է Պարսկաստանի կազմում, նրա հետ խոսում է լուրջ առճակատումների մասին։
Նրա խոսքով՝ Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական կետերում անհիմն ձերբակալված իրանցի վարորդներին ազատ չարձակելու և հարցը խաղաղ ճանապարհով չլուծելու դեպքում Իրանից ոչ պաշտոնական մակարդակով սպառնում են Նախիջևանով։ Նախիջևանը կարող է ոչ միայն կորցնել Ադրբեջանի հետ տրասպորտային կապը և տարանցիկ ենթակառուցվածքների ապահովումը, այլև առհասարակ պոկվել Ադրբեջանից։
Հիշեցնենք, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները սրվեցին այն ժամանակ, երբ ադրբեջանցիները Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի զավթած կետերում ոստիկանական անցակետեր տեղադրեցին։ Այնտեղով անցնող իրանական բեռնատարները ստուգվում են, վարորդները ստիպված են լինում գումար վճարել ճանապարհը հատելու համար։ Այլընտրանքային ճանապարհը գրունտային է և ոչ պիտանի բեռնատարների համար։ Վարորդներից երկուսին ադրբեջանցիները ձերբակալել են, և չնայած իրանական կողմի պահանջին՝ դեռևս չեն արտահանձնել։
Արաքսյա Սնխչյան