Կրեմլը Վրաստանում իրավիճակի ապակայունացման վտանգներ չի տեսնում այն պատճառով, որ իբր այնտեղ է ժամանել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Որտեղ Սաակաշվիլին է, այնտեղ կրկես է: Կարևոր է, որ այս կրկեսը վտանգ չներկայացնի որևէ երկրի քաղաքացիների համար, որտեղ գտնվում է այս պարոնը: Հետևաբար, փառք Աստծո, դա մեր հարցը չէ … Առայժմ մենք իրավիճակի ապակայունացման վտանգ չենք տեսնում»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Միխեիլ Սաակաշվիլին չի հատել երկրի պետական սահմանը:
«Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով ուրբաթ օրը պնդում էր, որ վերադարձել է հայրենիք, չի հատել պետական սահմանը»,- հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից: