Լիտվան ԵՄ-ում մեր առանցքային գործընկերներից է։ Ես բարձր եմ գնահատում Լիտվայի նախագահի, վարչապետի և խորհրդարանի ղեկավարի հետ իմ հանդիպումները՝ երկկողմ օրակարգը քննարկելու, նաև ԵՄ-ի՝ Հայաստանի հետ համագործակցության մասին հարցեր քննարկելու առումով։
Այս մասին Լիտվա պաշտոնական այցի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ այդուհանդերձ, Հայաստան-Լիտվա հարաբերություններում առկա է չօգտագործված ներուժ տարբեր ոլորտներում։
Խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր հանդիպումների ժամանակ ամենուր շեշտադրել է ԼՂ հակամարտությունը կարգավորելու ԵԱՀԿ ձևաչափի նպատակահարմարությունը։
Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լիտվայի հավասարակշռված և կառուցողական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում, ինչպես նաև Լիտվայի կառավարության կողմից մարդասիրական օգնությունը` վերջին մեկ տարվա ընթացքում հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար:
Նա նաև ասաց, որ Լիտվայի վարչապետին տեղեկացրել է հունիսի 20-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին, որոնց արդյունքում երկրում հաղթահարված է ներքաղաքական ճգնաժամը: Նա ընդգծեց, որ այս ընտրությունները, ինչպես և նախորդ՝ 2018-ինը, արժանացել են միջազգային դիտորդների բարձր գնահատականին:
«Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ Լիտվայի որդեգրած հավասարակշռված և կառուցողական քաղաքականությունը»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։