Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրում։
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատարը սև խաղաքարերով առավելության է հասել Իրանի ներկայացուցիչ Փարհամ Մաղսուդլու նկատմամբ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Չինաստանից Դին Լիժենի հետ:
Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Շախմատի աշխարհի Գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստ:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 4 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:
Առաջին շրջանի երկրորդ պարտիայում Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել եգիպտացի Էլ Գինդի Էսամին և դուրս եկել հաջորդ շրջան: Առաջին պարտիայում գրանցվել էր ոչ ոքի:
Արման Փաշիկյանն առաջին պարտիայում պարտություն կրելուց հետո ոչ ոքի էր խաղացել իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ և լքել պայքարը:
Ռոբերտ Հովհաննիսյանը հաշտություն էր կնքել ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի հետ, սակայն առաջին պարտիայում կրած պարտության պատճառով լքել է մրցաշարը:
Սերգեյ Մովսեսյանը սևերով հաղթանակ էր տարել ռուսաստանցի Գրիգորի Օպարինի նկատմամբ և դուրս եկել հաջորդ շրջան:
Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ: