Առողջապահության նախարարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առաջարկ է հղել, որով խնդրում է երկարաձգել դպրոցների աշնանային արձակուրդները, իսկ բուհերին տեղափոխել հեռավար ուսուցման։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է ԱՆ խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
Armenia Today-ի աղբյուրներով՝ առաջարկը դրական եզրակացություն է ստացել։ Բուհերում արդեն ուսանողներին տեղեկացրել են հեռավարի անցման որոշման մասին։
Հարցի մասին պաշտոնական պատասխան ստանալու նպատակով Armenia Today-ը կապ հաստատեց ԿԳՄՍՆ խոսնակ Գեղամ Մելիքբեկյանի հետ։ Վերջինս չցանկացավ մեկնաբանել հարցը, ասաց, որ առաջիկա ժամերի ընթացքում նախարարությունը կտարածի հաղորդագրություն։ Մեր հարցին, թե կա՞ արդեն որոշում, Մելիքբեկյանը կրկնեց․ «Սպասե՛ք պաշտոնական հաղորդագրությանը»։
Նշենք, որ դպրոցական արձակուրդները սկսվել են հոկտեմբերի 25-ին և կտևեն մինչև նոյեմբերի 1-ը։ Մեզ հետ զրույցում ավելի վաղ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանն ասել էր, որ չի նախատեսվում հեռավարի անցնել դպրոցներում, քանի որ դպրոցը չէ վարակի տարածման հիմնական աղբյուրը, եթե ամեն տեղ բնականոն աշխատանք է՝ հաճախ առանց համաճարակային կանոնների պահպանման։ Իսկ ԱՆ խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը չէր բացառել, որ սրացման հետևանքով ԱՆ-ն կարող է կայացնել իրավիճակային ցանկացած որոշում, ուստի լոքդաունը չի բացառվում։
Կորոնավիրուսյին թվերը Հայաստանում շարունակում են մտահոգիչ լինել։ Այսօր գրանցվել է կորոնավիրուսային 1184 նոր դեպք, 42 մարդ մահացել է, բուժում է ստանում 27 284 մարդ։ Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է։
Արաքսյա Սնխչյան