«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 50.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ է հատկացրել Սուրբ Ղազարում Մխիթարյան միաբանության գրադարանին՝ ի հիշատակ «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրեգորյանի, որը կյանքից հեռացավ 2021 թվականին: Այս մասին հայտնում են IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից։
Ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական, գրող, մանկավարժ եւ մենթոր Վարդան Գրեգորյանը մի քանի տասնամյակ բացառիկ գործունեություն ծավալեց՝ հատելով գիտական եւ բարեգործական սահմանները: Գրադարաններն, ըստ Վարդան Գրեգորյանի, մարդկության ամբարված գիտելիքի տաճարներ են, եւ այս դրամաշնորհը հարգանքի տուրք է նրա թողած բացառիկ ժառանգությանը:
«Մենք ուրախ ենք Վարդան Գրեգորյանի հիշատակը նման իմաստալից կերպով հարգելու հնարավորության համար: Տարիներ շարունակ Վարդանը կենսական դերակատարում է ունեցել տարբեր նախագծերում եւ կազմակերպություններում, բայց «Ավրորան» միշտ յուրահատուկ է եղել նրա համար: Այսօր մենք շարունակում ենք մեր աշխատանքը նրա անունից՝ պահպանելով հայկական ժառանգությունը եւ առաջ մղելով մարդասիրական ջանքերը»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանության գրադարանում տարբեր լեզուներով ավելի քան 150.000 հատոր է պահվում, այդ թվում՝ ձեռագրեր, հնագույն գրքեր, պատմական եւ գիտական աշխատություններ: Միաբանության հիմնադիր աբբահայր Մխիթարը եւ նրա գործընկերները միշտ իրենց առաքելությունն են համարել գրքերի հրատարակությունը, հավաքագրումն ու պահպանումը՝ հատկապես հայկական: Այսօր Սուրբ Ղազարում՝ Մխիթարյան միաբանության ընդարձակ մատենադարանում, պատմական եզակի նմուշներ են պահվում, իսկ միաբանությունը շարունակում է մնալ հայագիտության առաջավոր կենտրոններից մեկը:
«Վարդանը կրթության եւ լուսավորության ջերմեռանդ ջատագով էր ու նա ուրախ կլիներ «Ավրորայի» որոշման համար՝ աջակցելու այս նշանավոր գրադարանին: Նրա համար գրքերը «հույսի կայաններ» էին, իսկ այս նվերն ուղղված է նրան, որպեսզի վստահ լինենք, որ Սուրբ Ղազար կղզում պահվող հայկական մշակույթին եւ ժառանգությանը նվիրված հնագույն արձանագրությունները դարեր շարունակ կլինեն հույսի կայաններ հայերի համար»,- մասնավորապես նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը: